Ռուս խաղաղապահների դերը մեծ է, տասնյակ տարիներով պետք է մնան այստեղ։ Այս մասին «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» խորագիրը կրող տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ռուս խաղաղապահներն այստեղից չպետք է հեռանան, պետք է մնան տասնյակ տարիներով և ապահովեն այս տարաշրջանի անվտանգությունը։ Եթե կա կարծիք, թե ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, թող գան, մեր կողքին կանգնեն, տեսնեն, թե ինչ մեծ է նրանց դերը»,- ասաց Վարդանյանը՝ անդրադառնալով օտարերկրյա լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե համաձա՞յն է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, ըստ որոնց ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները:
Վարդանյանն ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը։
«Այո՛, ռուս խաղաղապահների մոտ իսկապես ծանր իրավիճակ է: Մենք կցանկանայինք, որ որ ռուս խաղաղապահների մանդատն ավելի հստակ, երկարաժամկետ լինի, ավելի խոշոր անձնակազմ լինի այստեղ, ինչի հնարավոությունը կա: Եթե ռուս խաղաղապահները չլինեին, մենք շատ ավելի դժվար վիճակում էինք լինելու: Դրսում ապրելով՝ նրանց գնահատելը հեշտ է, իսկ մենք այստեղ ապրելով տեսնում ենք իրենց ծանր իրավիճակը, համագործակցում ենք իրենց հետ՝ իրավիճակից դուրս գալու բանաձևը գտնելու համար»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ խաղաղապահների աշխատանքը չգնահատելով միայն կօգնեն Արցախին, որը երազում է վերջիններիս՝ Արցախից հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: