ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն տեղափոխելու դժվարությունների մասին։
«Լաչինի միջանցքը մեկ ամսից ավելի արգելափակված է։ Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- գրել է նա Twitter-ում։
Փաուերը կոչ է արել վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Նախկինում նա արդեն կոչ էր արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քանի որ այն կարևոր երթուղի է անհրաժեշտ սննդի և դեղորայքի մատակարարման համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: