Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը Armenia Today-ին տված հարցազրույցում համաձայնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն տեսակետին, որ ռուս խաղաղապահների քննադատությունը ձեռնտու է Ադրբեջանին: Փորձագետի խոսքով՝ նման քննադատությունը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա ունի երկու նպատակ՝ ամենաքիչը խաղաղապահների և բուն խաղաղապահ գործողության առավելագույն վարկաբեկումն է, իսկ հետագայում՝ ռուս խաղաղապահների շուտափույթ դուրսբերումը տարածաշրջանից։ Այդ պատճառով, եթե այդ նպատակներին աջակցում է նաև Երևանը, ապա դա լիովին ձեռնտու է Բաքվին, ընդգծել է փորձագետը:
Նա հավելել է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև տարաձայնությունները ունեն վաղեմի բնույթ և կառուցվածք, դա այսօրվա հարց չէ։ «Տարաձայնությունները կապված են այն բանի հետ, որ այսօրվա Երևանի համար առավել հարմար է, որ Ստեփանակերտն ու Լեռնային Ղարաբաղը չունենային և չունենան այդ խնդիրը, իսկ Ստեփանակերտի համար դա գոյատևման խնդիր է: Ուստի մոտեցումները տարբեր են, և հակասություններն առկա են», – ընդգծեց նա։
Սկակովը կարծում է, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հարց չկա, և հարցը փակված էր Բաքվի օրակարգում դեռ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի ուժեղ, կայուն և վստահ էր, քան հիմա է: Առավել ևս, որ այժմ Բաքվի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նրանց համար գոյություն չունի։ Այդ պատճառով Բաքուն երկխոսություն չի վարի ո՛չ Ստեփանակերտի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի դեմքերից որևէ մեկի հետ, քանի որ նրա համար Ղարաբաղի հարց չկա, եզրափակել է Սկակովը:
Փորձագետի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությունը կարելի է վարել Բաքու-Երևան գումարած որևէ միջնորդի ձևաչափով: Իսկ նման միջնորդ այսօր առաջին հերթին Ռուսաստանն է, այդ դերին հավակնում են նաև Բրյուսելն ու Վաշինգտոնը: Նրա խոսքով, խոսել այն մասին, որ նման միջնորդ կարող է լինել Մինսկի խումբը, այսօր հիմք չկա, քանի որ այն դե յուրե կա, իսկ դե ֆակտո չկա օբյեկտիվ պատճառներով: «Այդ պատճառով Երևանի և Բաքվի միջև ցանկացած երկխոսություն հնարավոր է միայն միջնորդների առկայության դեպքում», – ամփոփել է քաղաքագետը: