«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ, երգչուհի Ռոզա Լինը «iHeartRadio» համերգի ժամանակ աշխարհի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակման վրա: Այս մասին հայտնում է Zartonkmedia-ն:
Նա կատարել է հիթ դարձած իր «Snap» ստեղծագործությունը՝ ձեռքին պահելով Հայաստանի դրոշը: Ռոզա լինը հագել է բաճկոն՝ «Կանգնեցրե՛ք շրջափակումը» և «Արցախ» գրություններով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: