Արցախի նախագահականի մեր աղբյուրն ասում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է կրճատումներ անել ԱԽ-ում և Սամվել Բաբայանի «հագով կարված» կառույցը բերել նախկին տեսքին՝ փոքր աշխատակազմով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հիշեցնենք, որ Բաբայանի՝ ԱԽ քարտուղար նշանակվելուց հետո հաստիքացուցակը գրեթե եռապատկվել էր՝ անցնելով 70-ը։ Բայց խնդիրն այն է, թե երբ անել այդ կառուցվածքային փոփոխությունները, հիմա Արցախը բլոկադայի մեջ է, և ամեն կրճատում դժգոհություն կառաջացնի»,- գրում է թերթը՝ հավելելով, որ հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանին ազատելով ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ Արայիկ Հարությունյանն առաջարկել է զբաղեցնել իր խորհրդականի պաշտոնը, սակայն նա մերժել է։
«Ասում են՝ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից, քանի որ իր հանդեպ նեգատիվը ձևավորվել է այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ և գիտությամբ բանակցել է ադրբեջանցիների հետ»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիտալի Բալասանյանն ազատվել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել էր Արարատ Մելքումյանը։