Արցախում էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում, այսօրվանից հովհարային անջատումները կրկնապատկվում են: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ամենօրյա տեղեկագրում։
«Հունվարի 17-ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։ Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։ Խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու նպատակով, Արցախի կառավարությունը հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկում՝ էլեկտրաէներգիայի արտադրման եղած պաշարները խնայելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Շտաբը հայտնում է նաև, որ 13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 142 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 430 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: