Թուրքիայի մեջլիի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին պատգամավորը հայտնել է Twitter-ում։
Պատգամավորը պահանջել է տեղեկացնել, թե ինչ է անում Թուրքիան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը կարգավորելու համար, քանի որ մտավախություն ունի, որ տեղի ունեցողը ձգձգում է տարածաշրջանում խաղաղության հասնելու հեռանկարը։
Փայլանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքն արդեն մեկ ամսից ավելի փակ է իրենց «էկոակտիվիստ» անվանող ադրբեջանցիների և Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի փակման պատճառով ամեն օր աճում է սննդամթերքի և դեղորայքի հասանելիության ճգնաժամը։ Նա ընդգծել է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների պատճառով Ղարաբաղի 120 000 հայեր խիստ ձմռանը բախվել են հումանիտար լուրջ ճգնաժամի հետ։
Փայլանը Չավուշօղլուին հարցրել է, թե թուրքական կողմը ինչ դիվանագիտական նախաձեռնություններ է ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար։
Փայլանը նաև հարցրել է արտգործնախարարին, թե ինչու Թուրքիան, որը պարծենում է իր մասնակցությամբ աշխարհի բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի լուծմանը, մատը չի բարձրացնում ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 000 ղարաբաղահայության։
Ավելի վաղ Փայլանը նման կոչով դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիան չպետք է անտարբեր մնա Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի նկատմամբ։ Պատգամավորը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար, քանի որ Կովկասում խաղաղության հաստատումը «Թուրքիայի օգտին է»։