Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Ջո Բայդենին, Օլաֆ Շոլցին և Էմանուել Մակրոնին կոչ է արել լրջորեն վերաբերվել Արցախում Հայոց ցեղասպանության սպառնալիքին, հայտնում է ինստիտուտի Թվիթերյան էջը։
«Ադրբեջանը փորձարկումներ է անցկացնում։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում աշխարհում իշխանություն ունեցողներին՝ հատկապես Բայդենին, Բունդեսկանցլերին և Էմանուել Մակրոնին լրջորեն վերաբերվել Արցախում Հայոց ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ Հայոց ցեղասպանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինստիտուտը հիշեցրել է ձմռան կեսերին Ադրբեջանի կողմից Արցախում գազամատակարարման դադարեցումների մասին՝ ընդգծելով, որ «էլեկտրաէներգիայի մատակարարումն անհուսալի է»։ «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրենց ընտանիքներին վերամիավորվող հայ երեխաների շարասյունը կասեցվել և տեռորի ենթարկվել է ադրբեջանցիների կողմից։ 37 օր շրջափակում»,- ասված է հաղորդագրությունում։
Լեմկինի ինստիտուտը զգուշացրել է, որ համաշխարհային առաջնորդները «շարունակելով աջակցել Ադրբեջանին՝ կդառնան ցեղասպանության մեղսակից»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: