ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները։
«Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է հումանիտար ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի կողմից նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասվում է Հայաստանի առաքելության Twitter-ում։
ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»,- ասվում էր հայտարարությունում:
Հունվարի 16-ին Եվրոպական դատարանը ծանուցում էր ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: