Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից վեց հիվանդ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական ԲԿ» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հղիություն I, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում I աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված ցավային համախտանիշով, ողնաշարի L4-L5 սպոնդիլոդիսցիտ», «Հեմոբլաստոզ՝ սուր լեյկոզ», «Աթերոսկլերոզ, աջ ընդհանուր ազդրային զարկերակի անևրիզմա»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 21-ին, ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հայտարարությունում։
Գերատեսչությունից հայտնում են, որ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: