Ներկա պահին Արցախի խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն։
Ընդգծվում է, որ հանրության կողմից ստացված բողոքների և Արցախի Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, իսկ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդն առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա։
«Հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որը համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։ Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք,որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի»,- ասված է հայտարարությունում։
Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ բնակչության շրջանում մտահոգություններ առաջացրած համային և հոտային որոշ առանձնահատուկություններ ունեցող բրինձն արդեն հեռացվել է շուկայից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: