Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ:
Ընդհանուր առմամբ դրական համարելով համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով:
Նիստում ներկայացվել է նաև էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը: Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:
Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: