Մինչ Արցախի Հանրապետությունը տևական ժամանակ շրջափակման ու խորացող ճգնաժամի մեջ է, որոշ շրջանակներ, որոնք, ըստ «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, կառավարվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, ներքաղաքական «բազարներ» են սկսել: Խոսքը, այսպես կոչված, «սորոսական» թևի մասին է:
«Ի մասնավորի, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ներկա ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, ԱԳ նախկին նախարար, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը յուրատեսակ «կոալիցիա» են կազմել ընդդեմ պետնախարար Ռուբեն Վարդանյանի: Ավելին, Հայկ Խանումյանն ու Միքայել Հայրիյանը դա չեն էլ թաքցնում ու այս օրերին կոշտ գրառումներ են անում սոցցանցերում»,- գրում է թերթը:
Ի դեպ, «Փաստ» թերթի Արցախի աղբյուրը հայտնում է, որ չնայած Արցախում արտահերթ ընտրությունների թեման, կարծես թե, ամենաբարձր մակարդակով փակվեց, այդուամենայնիվ, նշյալ անձինք ինտենսիվ պատրաստվում են ընտրություններին՝ նպատակ ունենալով դրանց մասնակցել մեկ միասնական թիմով: Արցախի Հանրապետության նախագահի նրանց թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է: