Բաքվի հայտարարությունները, թե Հայաստանից անընդհատ ռազմական բեռներ են տեղափոխվում Արցախ, ուղղված են նրան, որ ինչ-որ կերպ արդարացնեն իրենց անմարդակային, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով գործելաոճը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:
«Ի՞նչ ռազմաբեռ պետք է տեղափոխվի, ինչի՞ մասին է խոսքը: Սա ուղղված է միայն միջազգային հանրությանն ապատեղեկացնելուն, բայց այդ փորձերն այնքան անիմաստ ու անհիմն են, որ չեմ կարծում, թե որևէ մեկը հավատում է դրան»,- ասաց Բաբայանը:
Պատասխանելով հարցին, թե Բաքուն պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները կամ տրանսֆորմացնում դրանք, արցախցի պաշտոնյան ասաց, որ փաստորեն այն չեզոքացնելու քաղաքականություն է վարվում:
«Բաքուն փորձում է ընդհանրապես պրակտիկորեն չեզոքացնել այդ չարաբաստիկ հայտարարություն-պայմանագիրը, որովհետև այն պահվածքը, որ նա է ցուցաբերում, այդ էկո-ահաբեկիչ դերասանների պահվածքը, նրանց կողմից Գորիս- Ստեփանակերտ մայրուղու մի հատվածի փաստացի օկուպացումը, փաստորեն ցույց է տալիս, որ չկա այդպիսի պայմանագիր և ինչ ուզում՝ անում են»,- նկատեց Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում մաքսակետեր տեղադրելու պահաջին, մեր զրուցակիցը շեշտեց, որ ոչ միայն ինքը, այլև բոլոր արցախցիներն ու ցանկացած նորմալ մարդ հասկանում է, թե ինչով կարող է դա վերջանալ:
«Ի՞նչ մաքսակետի մասին է խոսքը, դրանք լինելու են առևանգման և հայերի ձերբակալման կետեր, մի բան, որ մենք տեսել ենք մեր աչքով Ստեփանակերտի օդանավակայանում, երբ որ ադրբեջանական օմոնն էր այնտեղ տեղակայված 1990-1991 թվականներին»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ դա անընդունելի է իրենց համար:
Միևնույն ժամանակ Արցախի նախագահի խորհրդականը լիահույս է, որ միջանցքը կբացվի: Նկատում է՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ գործընթացը շարունակվում է: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ վարում է համապատասխան գործընթաց, միջանցքը բացելու կոչ են անում նաև ԱՄՆ-ն, եվրոպական տարբեր երկրներ ու կառույցներ:
«Հույս ունենք, որ միջացքն, ի վերջո, պետք է բացվի, սակայն Ադրբեջանի դիրքորոշումը բավականին կարծր է: Այս պահի դրությամբ միջանցքը փակ է մնում, բայց մենք տեսում ենք, որ շարժ կա: Միջազգային հարթակնում ավելի ակտիվորեն են փորձում զբաղվել հարցով: Բայց միայն բացվելուց հետո կարող ենք ասել, որ գործընթացը հաջողությամբ է իրականացվել»,- ասաց նա՝ դրական գնահատելով փաստը, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրներն են ներգրավված գործընթացին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք է տեղի ունեցել:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: