Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը
հերքել է «Փաստ» թերթում
հրապարակված «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի» վերտառությամբ մի հոդվածի տեղեկությունները:
Այդ կապակցությամբ իրազեկել է, որ՝
ա) Արցախի Հանրապետության դատախազությունն աշխատում է նախադեպը չունեցող ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ գլխավոր դատախազը իրականացնում է իր լիազորությունները.
բ) Գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել, իսկ հրապարակման մեջ նշված անձանցից որոշների հետ (Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան) երբևէ որևէ տեսակի անձնական շփում կամ հարաբերություն չի ունեցել, իսկ պաշտոնական շփման առիթներ գրեթե չեն եղել.
գ) Հայկ Խանումյանի հետ կապված քրեական գործը բացառապես մասնագիտական դաշտում է և որևէ կերպ չի կարող հրապարակման մեջ նշված՝ չակերտավոր բարեկամության կամ անձնական այլ հենք ունենալ: Գլխավոր դատախազը ունի սկզբունքներ, որոնք ոչ մի պարագայում չեն կարող սասանվել.
դ) Գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշտոնյա է, պետական բազկաթոռ ունենալու մոլուցքով չի տառապում և անհրաժեշտության դեպքում լինելու է այնտեղ, որտեղ կարող է ավելի մեծ արդյունավետությամբ ծառայել արցախցուն:
Ըստ Ներսիսյանի՝ աշխատանքային մերօրյա ծանրաբեռնվածության պայմաններում ժամանակ գտնելն ու նման հրապարակումներ նախաձեռնելը կրկին վկայում և փաստում է որոշ անձանց խիստ ցածր արդյունավետության և նպատակների ու դերակատարության՝ մեղմ ասած տարակուսելի լինելու մասին: