Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։
Նշվում է, որ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: