Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է: Այս մասին հունվարի 24-ի երեկոյան կազմակերպված Արցախի բարեկամների «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով հեռավար հավաքի ժամանակ ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք պետնախարարի կայքից:
«Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, և ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս»,- ասել է նա:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների խախտումներն են, տնտեսության ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:
Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է հանգեցրել այսօրվա իրավիճակին:
Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը. «Բայց նրանց այդ հաշվարկները չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:
Միջոցառմանը մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից: