Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։