Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։
Նշվում է, որ կատարվում են աշխատանքներ՝ Արցախի շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումն իրականացնելու համար:
«Սպառողներին հորդորում ենք զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել գործող թեժ գծերի միջոցով: Շուկայում տարբեր ապրանքատեսակների հետագա իրացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում:
Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը ներկայացված են աղյուսակում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: