ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհուրդը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ գրություններին: Թագուհի Թովմասյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է պատասխան նամակին:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից պատգամավորը ստացել է գրություն, որում, մասնավորապես, նշվել է.
«Հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի(Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը: ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: