Մեր անելիքներից մեկը Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին Վարդանյանը մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենի և Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսի հետ միասին:
«Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է: Ուստի, շնորհակալ եմ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին` Արցախին այդ կերպ աջակցելու համար»,- գրել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: