Մի քանի օր առաջ ստացել ենք խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը, մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,-ասել է Միրզոյանը:
Այս համատեքստում նա շեշտել է Ադրբեջանի քաղաքականության մասին:
«Բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչնդոտում են, Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև գետնի վրա, ինչպես ասում են, ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքների օկուպացիայի տակ մնալը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը»:
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
«Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես օրինակ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունի մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին»,-ասելէ Միրզոյանը՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են չպարզված։
«Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, որոնց մի մասը ես թվարկեցի, խաղաղության օրակարգի առաջ մղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն է»-հավելել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: