Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը