Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Այժմ, երբ շրջափակման արդեն 9-րդ շաբաթն է, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի իշխանությունների և ռուս խաղաղապահների վրա։ Կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ անհապաղ վերացնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ դնելու ծավալվող հումանիտար ճգնաժամին»,- ասել է «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրազերսը։
Լաչինի միջանցքի շրջափակումը վտանգում է Ղարաբաղում հազարավոր մարդկանց կյանքեր։ Ըստ Amnesty International-ի հրապարակման, այնտեղ բնակվող մոտ 120,000 էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ բժշկական օգնությունից:
Բուժաշխատողների և Ղարաբաղի բնակիչների հետ հարցազրույցները բացահայտել են շրջափակման հատկապես ծանր ազդեցությունը ռիսկային խմբերի վրա՝ ներառյալ կանայք, տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք, նշում է հրատարակությունը։
Սթրազերսն ընդգծել է, որ շրջափակումը հանգեցրել է սննդի և դեղորայքի խիստ պակասի, քանի որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը բավարար չէ Ղարաբաղի բնակչության պահանջը բավարարելու համար։
«Էլեկտրաէներգիայի, բնական գազի և ավտոմոբիլային վառելիքի մատակարարման խափանումները հսկայական դժվարություններ են ստեղծում հատկապես խոցելի բնակչության համար: Սրան պետք է վերջ տալ։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված չլինի սննդամթերքից, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից և դեղամիջոցներից: Ռուսական խաղաղապահ առաքելությանը, իր հերթին, պետք է ապահովի Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Սակայն երկու կողմերն էլ չեն կատարում իրենց պարտավորությունները»,- ասել է նա։
Շրջափակման այլ ծանր հետևանքների թվում է կրթության իրավունքի խախտումը։ Բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ սովորում է մոտ 27,000 երեխա, ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, նշում է Amnesty International-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը