Ստեփանակերտ քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են’ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Այս մասին հայտնում են Արցախէներգոյից:
«Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են’ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: