Արցախի հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում մարտահրավերներին, այս մասին պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հայտնում է Արցախի կառավարությունը:
«Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք, կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը:
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը:
Հարցն ավելի վաղ քնարկվեկ էր նաև կառավարության ընդլայնված կազմով նիստում։ Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:
Քննարկել է նաև բիզնեսին օգնելու թեման։ Տեղեկություններ են ներկայացվել շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:
Նշվում է, որ անդրադարձ է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Բացի այդ, քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։