Վերջին օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պետքարտուղար Ռուբեն Վարդանյանի միջև տարաձայնությունները սրվել են, գրում է «Փաստ»-ը։
Տարաձայնությունները հիմնականում վերաբերում են Արցախի կարգավիճակին և նրա ապագային։ Եթե Հայաստանի իշխանություններն ու Արցախի նախագահն ավելի հակված են Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացներին, ապա Վարդանյանը կարծում է, որ արդյունքում Արցախն ամբողջությամբ կկորցնի իր սուբյեկտիվությունը և կմնա առանց հայերի, գրում է թերթը։
«Արցախում փաստացի ձևավորվել են իշխանության երկու բևեռներ, որոնցից մեկում Փաշինյանի և Հարությունյանի քաղաքականության կողմնակիցներն են, մյուսում՝ Վարդանյանի կողմնակիցները։ Սակայն, հաշվի առնելով շրջափակման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը, կողմերը մինչ այժմ ձեռնպահ են մնացել ուղիղ առճակատումից։ Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա, ըստ արցախյան մեր աղբյուրների, հանրապետության բնակիչների 90%-ից ավելին չի ներկայացնում Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, դա են վկայում վերջին հարցումների արդյունքները»,- գրում է թերթը։