Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վերջին օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել և փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում անդրադառնալու է Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին, հետագա քայլերին: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ»,-իր Facebook-յան էջում գրել է Ա. Հարությունյանը:
Նա ընդգծել է՝ պետք է ընդունել, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները:
«Որոշ դեպքերում դրանք չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների: Վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել եմ երկրում ստեղծված վիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները»-ասել է նա ՝ հայտնելով նաև, որ ընդունել է Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։