Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ տեղեկացնելով այցի ավարտին տեղի ունեցած մի շարք հանդիպումների մասին, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Արցախում առկա իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում: Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր նաև տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը: Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության հետևողական ու շարունակական արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Նրա հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել էր փետրվարի 17-ին: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: