Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ԱՀ պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այս մասին գրում է MediaHub-ը։
Գուրգեն Ներսիսյանն ինքն է այդ մասին հայտնել լրատվամիջոցին։
«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,-ասել է նա։
MediaHub–ը գրում է նաև, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել թիմակիցների հետ, որտեղ քննարկվելու են նաև Արցախում սպասվող զարգացումները:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հինգշաբթի օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կհայտարարի ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Մամուլը գրել էր, որ այդ պաշտոնին կնշանակվի Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վերջին օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել և փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում անդրադառնալու է Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին, հետագա քայլերին: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վարդանյանն ասել է՝ հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Նշվել էր, որ Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում և օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։