Արցախի ԱԽ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր գույքային վնաս է պատճառվել պետությանը, հայտնում են ԱՀ դատախազությունից։
Ըստ հաղորդագրության՝ ազգային անվտանգության ծառայություն ներկայացված հաղորդման հիման վրա կատարված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին ԱՀ անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել են անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր։
Ըստ դատախազության՝ առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26.000.000 ՀՀ դրամ, որից 25.000.000 դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է։
Նկարագրված դեպքի առթիվ փետրվարի 23-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 197-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, իրականացվում է հետաքննություն: