Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը Armenia Today-ին մեկնաբանել է Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր հեռանկարները:
Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը
Սկակովը բացասական է գնահատել Ռուբեն Վարդանյանի հրաժարականը։ «Սա Արցախի դիրքերը թուլացնող ավելորդ գործոն է։ Մենք բավական լուրջ հույսեր էինք կապում Վարդանյանի հետ։ Այդ կապակցությամբ և շատ տխուր է, որ դա տեղի ունեցավ», – ասաց նա։
Մեկնաբանելով հրաժարականի հնարավոր պատճառները՝ նա չբացառեց, որ դրանք կապված են նաև պետնախարարի լիազորությունների հետ, մասնավորապես, այն բանի հետ, թե արդյոք նրա պատասխանատվության ոլորտ են մտնում արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության և ուժային կառույցների հարցերը։ «Եվ երկրորդ բանը, որ նույնպես շատ հնարավոր է, Վարդանյանն ինքը սկսել է հասկանալ, որ ոչինչ չի կարող անել, նրա հնարավորությունները սահմանափակ են, և որ փակուղային իրավիճակ է ստեղծվել», – նշել է Սկակովը:
Ինչ վերաբերում է նոր պետնախարար, Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, փորձագետը նշեց, որ դեռևս նկատելի չէ, որ նա ինքնուրույն քաղաքական ֆիգուր է։ «Վարդանյանն, անշուշտ, այդպիսի ֆիգուր էր, իսկ նոր պետնախարարի հետ դա առայժմ աննկատելի է», – նշել է նա։
Ռուբեն Վարդանյանի քաղաքական հեռանկարներն Արցախում և Հայաստանում
Սկակովը կարծիք է հայտնել, որ Վարդանյանը կարող է հեռանկարներ ունենալ Արցախում, եթե Հանրապետությունը կարողանա հաղթահարել ներկայիս ճգնաժամը: «Հարցը բարդ է, կարծում եմ՝ ժամանակի հարց է։ Իսկ այդպիսի ժամանակ կա։ Պետք է հարց տալ ոչ թե Արցախում Վարդանյանի հեռանկարների, այլ հենց Արցախի հեռանկարների մասին։ Այսինքն՝ առաջիկա մեկ տարում, կամ երկու-երեք տարում Արցախը կկարողանա պահպանվել որպես հայ բնակչությամբ բնակեցված և կառավարվող մի ինչ-որ միասնություն, թե չի կարողանա։ Եթե հաջողվի դուրս գալ ճգնաժամի ներկա վիճակից, ապա, կարծում եմ, Վարդանյանը ինչ-որ հեռանկարներ ունի նաև Արցախում», – ասաց նա։
Գնահատելով նախկին պետնախարարի հեռանկարները Հայաստանի քաղաքական դաշտում՝ Սկակովն ընդգծել է, որ դա ոչ միայն վարկանիշի, այսինքն՝ բնակչության վստահության հարց է, այլ նաև սեփական կուսակցության, քաղաքական ուժի մասին է, որը կարող է հավակնել Հայաստանում իշխանության: Փորձագետի խոսքով, եթե Վարդանյանը կարողանար նման ուժ ստեղծել և մրցակցել ներկայիս իշխող ուժի հետ, ապա այդ ժամանակ նրա մոտ շանսեր կստեղծվեին:
Ադրբեջանի պահանջների ազդեցությունը Արցախի պետնախարարի փոփոխության վրա և Լաչինի միջանցքի ապաշրջափակման հնարավորությունը
Փորձագետը կասկած է հայտնել, որ Բաքվի պահանջը լրջորեն ազդել է հրաժարականի հետ կապված իրավիճակի վրա։ «Ես կարծում եմ, որ դեռ Ադրբեջանը չի որոշում, թե ով է ղեկավարում Ղարաբաղը։ Ուստի չեմ կարծում, որ Ադրբեջանի պահանջը լրջորեն ազդել է այս իրավիճակի վրա։ Հնարավոր է, որ Ադրբեջանում տեղեկություն են ունեցել այն մասին, որ այդ հեռանալը հնարավոր է և դրանով իսկ առաջ են անցել՝ ցույց տալով, թե իբր իրենք հնարավորություն ունեն ազդելու Ղարաբաղում նշանակումների կամ պաշտոնանկությունների վրա։ Դա կարող է շատ լավ լինել: Իսկ Ադրբեջանի ցանկությունն առայժմ օրենք չէ Լեռնային Ղարաբաղի համար», – ընդգծել է Սկակովը։
Նա կասկած է հայտնել, որ Բաքուն Վարդանյանի հեռանալուց հետո կբացի Լաչինի միջանցքը։ Փորձագետը հնարավոր է համարել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի զիջումների, այսինքն՝ ոչ թե ապաշրջափակել միջանցքը, այլ ձևացնել, թե պատրաստվում է դա անել՝ հետո նորից փակելով միջանցքը։ «Դրանով Բաքուն երկու նապաստակ է խփում, նախ ցույց կտա, թե իբր պատրաստ է փոխզիջումների և զիջումների, երկրորդ՝ ցույց կտա, որ իրավիճակը գտնվում է իր լիակատար վերահսկողության տակ և ցանկացած պահի կարող է նորից արգելափակել ամեն ինչ», – նշել է նա։
Արցախի շուրջ իրավիճակի զարգացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում
«Ես տեսնում եմ խաղաղության պայմանագրի միայն մեկ տարբերակ, որն առայժմ ձեռնտու է Ադրբեջանին և, հնարավոր է, ձեռնտու է նաև ինչ-որ մեկին Հայաստանում. այդ նախագծում չկա Արցախը որպես փաստ։ Այսինքն, սա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է, որը կապված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի մասին որևէ հիշատակման և դրա համար որևէ պատասխանատվության իսպառ բացակայության հետ»,-ասել է նա։
Սկակովի խոսքով՝ այդ դեպքում նման խաղաղ պայմանագիր կարող է կնքվել բավականին տեսանելի ապագայում։ «Այստեղ Ադրբեջանը կարող է նույնիսկ որոշ զիջումների գնալ՝ չպնդել իր տարածքի ընդլայնումը Հայաստանի տարածքի գրավյալ հատվածների հաշվին և փոքր – ինչ դանդաղեցնել իր հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի արտատարածքային բնույթի վերաբերյալ։ Բայց չեմ կարծում, որ նման պայմանագիրը կբավարարի հայ հասարակությանը», – եզրափակել է փորձագետը։