Ադրբեջանական կողմը փետրվարի 28-ին և այսօր խախտել է հրադադարի ռեժիմը Արցախում։
Ըստ Արցախի ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության՝ փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում հակառակորդը մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթ է բացել տրակտորի ուղղությամբ, որը վարելիս է եղել Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը։ Դրանից անմիջապես հետո դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։
«Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։