Armenia Today-ը հարցում է անցկացրել Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շրջանում՝ նրանցից պարզելու, թե արդյոք այցելե՞լ են Արցախ և ինչպե՞ս են վերաբերվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։
Հարյուրավոր ադրբեջանցիներ, ովքեր իրենց «էկոակտիվիստներ» են անվանում, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել էին Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Արցախը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ։
Ադրբեջանը մի քանի օրով դադարեցրել էր նաև Արցախ գազամատակարարումը, ինչի կապակցությամբ հանրապետությունում ներդրվել էր վառելիքի խնայողության հատուկ ռեժիմ։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ավելի ուշ հայտարարեց հանրապետության գազամատակարարումը վերականգնելու մասին։ Սակայն հունվարի 10-ին Արցախում Գորիս-Ստեփանակերտ էլեկտրահաղորդման գծում տեղի ունեցած վթարի պատճառով շարժական հոսանքազրկումներ սկսվեցին։
Բոլոր հարցվածները նշել են, որ այս կամ այն պատճառով չեն հասցրել այցելել Արցախ։
Նրանք դատապարտել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ միջանցքը փակելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։
Ըստ նրանց՝ 21-րդ դարում նման բանի հետ առերեսվելը տարօրինակ է և «հրեշավոր». «Որպես պետերբուրգցի մարդ, ես կարող եմ ունենալ միայն մեկ վերաբերմունք՝ շրջափակումը շրջափակում է։ Աննորմալ ասելը մեկ բառով երևի էմոցիոնալ առումով բավականաչափ ուժեղ չի լինի, բայց սա դժոխային է, ընդհանուր առմամբ տարօրինակ է այն, ինչ տեղի է ունենում 2023-ին, բայց ցավոք, դա առաջինը և միակը չէ մեր կյանքում »,- ասաց Սերգեյը Սանկտ Պետերբուրգից:
Մեկ այլ հարցված՝ Սանկտ Պետերբուրգից Վլադիսլավը, շեշտեց, որ սա [Լաչինի միջանցքի արգելափակումը] «Ադրբեջանի կեղտոտ ռազմաքաղաքական խաղն է, որը հանգեցրել է հումանիտար աղետի ողջ տարածաշրջանում»։
Պետերբուրգից Պյոտրն իր հերթին ընդգծել է, որ ողջ իրավիճակը «չափազանց տխուր է, տխուր, որ տարածաշրջանը գտնվում է հումանիտար աղետի եզրին»։
«Ինձ համար անհասկանալի է տեղի ունեցողի տրամաբանությունը, քանի որ եթե դա տեղի է ունենում Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ, ապա տրամաբանությունը լիովին անհասկանալի է դառնում, քանի որ, ըստ իրենց տրամաբանության, տարածաշրջանում ապրում են իրենց քաղաքացիները և տեղի ունեցողը բացարձակապես անհասկանալի է և շփոթություն է առաջացնում»,- նշել է նա։
Armenia Today-ը ներկայացնում է Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շրջանում ավելի վաղ անցկացված հարցումները։ Հղումների վրա սեղմելով կարող եք իմանալ, թե ինչու են ռուսները որոշել թողնել իրենց սովորական կենսակերպը և տեղափոխվել Հայաստան, ինչպես են ապրում մեր երկրում, ինչպես են ընկալում Բաքվի ագրեսիան Հայաստանի դեմ և ինչպես են մեկ տարի անցկացրել Հայաստանում։