Չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ, առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով։
«Դժբախտաբար, չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՄԴ-ի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Կարծում եմ` սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է առանց արձագանքի թողնել Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը, մասնավորապես, երբ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և հարկավոր է միջազգային արձագանք»,-հայտարարել է նա։
Վարչապետը ողջունել է իր այցի ընթացքում լսած միտքն առ այն, որ պետք է առաքելություն ուղարկել ԼՂ՝ դիտարկելու հումանիտար իրավիճակը և տեսնելու` ինչ է կատարվում այնտեղ, քանի որ, ըստ նրա, դա մի ճգնաժամ է, որը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների, այն կարող է վերածվել հումանիտար աղետի։
Ըստ Փաշինյանի՝ մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն:
«Գիտեք, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնեց՝ օկուպացնելով Հայաստանի սուվերեն տարածքներ: Բայց, մյուս կողմից, մենք Պրահայում հասանք համաձայնության, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991թ. հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ խորհրդային պետությունների վարչական սահմանները վերածվում են պետական սահմանի։ Ալմա Աթայի հայտարարությունը Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին էր։ Նախկին խորհրդային 13 պետություն համաձայնություն տվեցին նրան, որ վարչական սահմանները դառնում են պետական սահման»,-հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև բոլորի ուշադրությունն է հրավիրել «Զանգեզուրի միջանցք» արտահայտության վրա, որո հնչեցրել են գերմանացի պաշտոնյաները։ Ըստ նրա՝ դա կարող է հասկանալի լինել եվրոպական աշխարհամասում, իսկ Հարավային Կովկասում այն այլ կերպե մեկնաբանվում և կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ։
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։