Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկություններին՝ դրանք որակելով կեղծ: Նա նաև հայտնել է, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով:
Ադրբեջանական կողմը կեղծ լուրերը շրջանառում է այսօրվա դիվերսիայից հետո, երբ թիրախավորել ու կրակ էր բացել ԱՀ ոստիկանության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր:
«Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես»-հայտարարել է պետնախարարը:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում ԱՀ ԱԳՆ-ի միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»-հավելել է Գուրգեն Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: