Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից իրականացված դիվերսիայից՝ տեղեկացնելով, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող ՊԲ զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:
«Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա»,-նշել են ՆԳՆ-ում:
ԱՀ ՆԳ նախարարությունը դեպքի վայրից նոր լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: