Արցախում պատրաստվում են բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։ Ինչպես տեղեկանում ենք Դավիթ Ղահրամանյանի տարածած հայտարարությունից՝ Արցախի քաղաքացիները ժամը 15:00-ին հավաքվում են «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ և ավտոերթով շարժվում դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր՝ օդանավակայան՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը:
Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն իր հերթին ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաև զինել արցախցիներին ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: