Միջազգային հանրության խոսքը ներկայումս ավելի քան արժեզրկվել է, հատկապես Արևմուտքից հնչող հայտարարություններից Ադրբեջանի ախորժակը միայն բացվում է։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի դիվերսիոն գործողությունից հետո հնչած միջազգային արձագանքներին։
«Այդ հայտարարությունները որևէ պետական միավորի վրա որևէ արժեք չունեն, եթե անգամ դրանք անկեղծ են ու ինչ-որ բան շտկելու նպատակ ունեն։ Կարծում եմ՝ հատկապես անգլիական, ամերիկյան կողմից հնչող հայտարարությունները միայն նպաստում են Արցախի հանձնման պլաններին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետն ընդգծեց, որ, մեծ հաշվով, «սառն է» վերաբերում միջազգային արձագանքներին։
«Ավելին՝ այդ արձագանքներն ինչ-որ տեղ ապացուցում են, որ ադրբեջանցիները հասել են իրենց նպատակին ու իրենց կատարած վերջին գործողությունը լայն արձագանք է գտել, ինչին և ձգտում են։ Այդ հայտարարությունները, այդ թվում՝ նաև Բերձորի միջանցքի վերաբերյալ, միայն ու միայն բացում են ադրբեջանցիների ախորժակը, որոնք ամեն ինչ հաշվարկում են ու ըստ այդ հաշվարկների են քայլեր իրականացնում»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդ գործում ադրբեջանցիները միայնակ չեն գործում և որ նրանց օգնում են արևմտյան որոշ շրջանակներ, ինչպես նաև Թուրքիան և Իսրայելը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի տարածաշրջանային այցին, նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի այցին Բաքու՝ քաղաքագետը նշեց․ «Փորձելու են պայմանագրային իմաստ տալ հարաբերություններին, որոնք այսօր կան։ Բայց անգամ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը որևէ կերպ չի նպաստելու առկա հարաբերությունների մակարդակի հանդարտեցմանը։ Փաստացի, Հայաստանի դեմ ձևավորված հիբրիդային պատերազմը շարունակվելու է։ Ես այդ խոստումներից, հնարավոր պայմանագրից որևիցե այլ բան չեմ սպասում։ Ի՞նչ է նշանակում «խաղաղության պայմանագիր» ներկա իրավիճակում»։
Իսկ թե ի՞նչ նպատակ է հետապնդում Արևմուտքն այս ակտիվությամբ ու շտապողականությամբ՝ քաղաքագետը նշեց, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլն անմիջականորեն կախված է Ուկրաինայում ընթացող գործընթացից։
«Այնտեղ գործերն Արևմուտքի համար փայլուն չեն ընթանում։ Եթե ռուս-արևմտյան այս կոնֆլիկտն ավարտվի հօգուտ Ռուսաստանի, ապա բնական է, որ ՌԴ-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու հարավկովկասյան տարածաշրջանին, ինչն ամերիկացիների ու նրանց խամաճիկների համար որևէ լավ բան չի խոստանում։ Եվ ըստ այդմ՝ նրանք ձգտում են ինչ-որ մի բանի հասնել, շտապում են օգտագործել այն, ինչ ունեն, մինչև իրենց վիճակն ավելի չվատանա։ Այս համատեքստում, կարծում եմ, որ Երևանից և Ստեփանակերտից հնչող որոշ հայտարարություններ արդեն իսկ թելադրված են ՌԴ-ի կողմից։ Խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք մենք երբեմն դրական ենք համարում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Վաշինգտոնն ադրբեջանցի դիվերսանտների հարձակումն Արցախի ոստիկանների վրա անվանել է «միջադեպ»։ Բաքվի դիվերսիայից հետո Փարիզը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, իր միկրոբլոգում գրել էր, որ «վերադարձել է Բաքու և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»: ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ադրբեջանցիների կողմից ոստիկաններ տեղափոխող մեքենայի գնդակոծումը։ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրվելուց հետո լուրջ մտահոգություն է հայտնել, կողմերին զսպվածության և ապաէսկալացման ուղղությամբ քայլերի կոչ է արել։
Աննա Բադալյան