Արցախում ապրանքների իրացման համար սահմանվում է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝ 500 000-1 000 000 դրամի չափով։ Այս որոշումն ընդունվել է երեկ՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի կողմից:
Նշվում է, որ գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։
Այժմ կազմակերպվում է տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի։ Ուժի մեջ մտնելուց հետո ձեռնարկատերերը պետք է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ուղարկեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են վաճառել։