Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, որի շրջանակներում կապահովվեն պայմաններ և երաշխիքներ կողմերի՝ ստանձնած պարտավորություններն անշեղորեն կատարելու համար։ Armenpress-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկություններին:
«Այս առումով նախ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման վրա։ Հենց դա կլինի խաղաղ գործընթացին կողմերի բարեխիղճ մոտեցման գլխավոր ցուցիչը։ Միայն դրանից հետո կարող են ձևավորվել բարենպաստ պայմաններ մյուս բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրանց իրավունքների՝ ներառյալ ազատ կամաարտահայտման իրավունքի առանց սահմանափակումների իրացման հետ կապված հարցերի քննարկման համար»-ընդգծել են ԱՀ ԱԳՆ-ում:
Արցախի ԱԳՆ-ում նշել են նաև, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ:
«Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նման քննարկումները կողմերի միջև չեն կարող փոխարինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ լիարժեք խաղաղ բանակցությունները: Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի կիրառման արդյունքների օրինականացման, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ այդ թվում իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում»-հավելել են ԱՀ ԱԳՆ-ում:
Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է Արցախի հետ երկխոսության պատրաստկամության մասին, մյուս կողմից՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ պահում նրա ժողովրդին, ահաբեկչական հարձակումներ կազմակերպում նրա դեմ և հանդես գալիս առավելապաշտական պահանջներով՝ փորձելով ճնշումներ գործադրել և ուժի կամ ուժի սպառնալիքի լեզվով հասնել իր նպատակներին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հիշեցնենք նաև, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Նկատենք, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության մասին, ընդգծվում է նաև այդ ուղղությամբ միջազգային մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին: