Ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները։
Ըստ Արցախի խորհրդարանի՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Արցախցի խորհրդարանականները նշում են, որ շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով: