Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանի ուղղությամբ, դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր:
Արցախի Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, երբ մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։
ԱՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: