Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ. Ջիվանյանը, Գ. Ղուկասյանը, Կ. Դավթյանը, Ա. Ադամյանը և Դ. Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: