Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Արցախում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում:
Դեպքի առնչությամբ անմիջապես տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները:
«Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները»։