Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան», – ասված է գերատեսչության մարտի 27-ի տեղեկագրում։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինվորականները Մարտակերտի շրջանում գնդակոծել են արցախցիներին:
Արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ սկսվեց մարտի 25-ին, երբ Ադրբեջանի զինուժը խախտեց Արցախի Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը և իրականացրեց «որոշակի դիրքային առաջխաղացում»: Նույն օրը հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները գրավել են բարձունքը և բանակցություններ են վարում ադրբեջանցի զինվորականների հետ, որպեսզի նրանք վերադառնան ելման դիրքեր:
Մարտի 27-ի առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը փորձել է առաջ շարժվել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհին հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, սակայն ադրբեջանական ստորաբաժանման հարձակման փորձը կասեցվել է