Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարությունը։
Նշվում է, որ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուս խաղաղապահներին։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Բերդաշենում և Թաղավադում։ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ էր բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։