Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից արդեն երթևեկելի կլինի: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը:
«Ճանապարհի մեկ շերտի ասֆալտապատման աշխատանքներն այս պահին ամբողջությամբ կատարվել են: Հատվածներ կան, որոնց դեպքում անգամ երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են արդեն սկսվել: Ամբողջությամբ՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված ճանապարհը պատրաստ կլինի արդեն ամռանը»-հայտնեց Սոնա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին: Նա հայտարարել է, որ նախօրեին մենք տեղեկացրել են Ադրբեջանին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
«Ըստ օգոստոսին տեղի ունեցած պայմանավորվածության՝ Կոռնիձորից Ստեփանակերտ ճանապարհն անցնում էր Հայաստանով, ապա Ադրբեջանով, ապա կրկին Հայաստանով։ Այն պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Այժմ ճանապարհը կանցնի միայն Հայաստանով»,-հավելել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: