Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները, իսկ այսօր Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ և ահաբեկչական քաղաքականությունը։ Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որով անդրադարձ է կատարվել 2016-ի Ապրիլյան պատերազմի 7-րդ տարելիցին։
«Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությունը և ստանձնած պարտավորությունները չկատարելու հանդեպ միջազգային հանրության հանդուրժողականությունը, ըստ էության, պարարտ հող նախապատրաստեցին և հնարավորություն ստեղծեցին Արցախի դեմ Ադրբեջանի նոր սադրանքների և ագրեսիայի համար։ Արդյունքում, ընդամենը չորս տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, նոր լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ օկուպացնելով և էթնիկ զտման ենթարկելով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը»,-ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ, ուր նշել են, որ այսօր էլ, լիակատար անպատժելիության և անտարբերության մթնոլորտում, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ և ահաբեկչական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։
«Արցախի ժողովրդի դեմ շարունակվող Ադրբեջանի անօրինական գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները և վարում են Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու և, նախքան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելը, Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման մեխանիզմներ և երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
«Այս համատեքստում կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է նրա իրավունքների, անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
2016 թվականի «Ապրիլյան պատերազմ»-ն սկսվել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և տևել երեքուկես օր: 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի ստորագրումից ի վեր 2016-ի ռազմական գործողություններն աննախադեպ էին իրենց մասշտաբներով և ինտենսիվությամբ։ Ռազմական գործողությունները դադարեցվել են Մոսկվայում՝ հրադադարի մասին պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։