Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել»,-հայտնել է արցախցի պաշտոնյան՚
Ըստ պետնախարարի՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր:
«Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը»,-նշել է նա։
Պետնախարարը փոխանցել է, որ դեպքի հանգամանքների մասին առավել համոզիչ փաստերը կներկայացվեն ավելի ուշ: